BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իրանի քրդերը «լռում էին» երկրում օրերս տեղի ունեցած հուզումների ժամանակ

Իրանի քրդերը «լռում էին» երկրում օրերս տեղի ունեցած հուզումների ժամանակ
26.01.2018 | 10:03

(Նախորդ մասը)

Հունվարի 5-ին հաղորդվել է, որ «Թեհրանում աղոթքի ժամանակ մոլլա Ահմեդ Խաթամին ԱՄՆ-ին մեղադրել է Քրդստանում «երկրորդ Իսրայել» ստեղծելու մտադրության մեջ», սակայն, ինչպես նա է հայտարարել, Իրանը հաջողությամբ «ձախողել է այդ պլանը»: Ինչպես հայտարարել է Խաթամին, ԱՄՆ-ը կփորձի հակաիրանական գործողությունների համար զենք առաքել Էրբիլով ու աֆղանական սահմանով: «Դրա նպատակն է վերջ դնել Իսլամական Հանրապետությանը»,- ասել է նա: Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG) ձեռնպահ է մնացել Իրանում տեղի ունեցած բողոքի հանրահավաքների առթիվ մեկնաբանություններ անելուց: Սակայն այնուհետև քրդական հաղորդագրություններից հայտնի է դարձել, որ, բացի մոլլա Խաթամիից, Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար գեներալ Մոհսեն Ռըզային էլ է հայտարարել, որ բողոքներն Իրանում ծրագրված են եղել Իրաքյան Քրդստանում: Եվ ահա այստեղ KRG-ն արձագանքել է: Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հունվարի 8-ին Էրբիլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Իրանը մեզ համար կարևոր հարևան է և մենք միշտ ձգտում ենք ամուր հարաբերություններ ունենալ Իրանի հետ. մենք երբեք վնաս չենք պատճառի Իրանի կայունությանն ու անվտանգությանը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Իրանում, ներքին խնդիր է»: Իսկ KRG-ի մամուլի քարտուղար Սաֆին Դիզային ասել է. «Նման դիտողությունները չեն կարող ծառայել Քրդստանի և Իրանի բարեկամական կապերին»:

Նշված տեղեկությունները, այնուամենայնիվ, ստիպում են հավատալ իրանական հետախուզության այն պնդումների հավաստիությանը, թե մարդասպան ահաբեկիչները, լինեն քրդեր, թե ոչ, իրականում հուզումների ժամանակ հաջողությամբ թափանցում էին Իրան՝ Արևմտյան Ադրբեջանի օստանի տարածք: Իսկ թե ինչու՞ Իրանի քրդերը, ըստ էության, անտեսեցին «հարմար պահը» իրենց ազգային կարգախոսների ու ելույթների համար. սա արդեն խոսակցության այլ թեմա է, թեև ոչ պակաս կարևոր: Բայց այդ հարցից դժվար կլինի գլուխ հանել, եթե չդիմենք Սիրիայում և Իրաքում, այսինքն, Իրանի սահմաններից դուրս ահաբեկչության դեմ Իրանի մղած պայքարին: Հատկապես Իրաքում, ուր, ինչպես հայտնի է, անցած տարվա աշնանը քրդական ինքնավարությունում (KRG) կազմակերպվեց և անցկացվեց, այսպես կոչված, «անկախության հանրաքվե»:


Սակայն կան նաև ներիրանական իրողություններ, որոնք Իրանի քրդերին ստիպում են ավելի խելացի լինել, քան Սիրիայի ու Իրաքի իրենց եղբայրները: Բանն այն է, որ, ինչպես ընդունված է անել, «Էթնիկ քուրդ» է կամ, առնվազն, նրան այդպես են համարում, այաթոլահ շեյխ Ահմադ Ջաննաթին, որը, առանց չափազանցության, արդի Իրանի կրոնական և պետական ականավոր գործիչ է, Իրանի պետականության հզոր սյուներից մեկը: Նա Սահմանադրության պահապանների խորհրդի նախագահն է, պատասխանատու է իսլամի դոգմաներին իրանական օրենսդրության համապատասխանության տեսչական ստուգման և տարբեր ընտրություններում թեկնածուների հաստատման համար: Այաթոլահ Ջաննաթին խորհրդի կազմի մեջ է 1980 թվականին նրա հիմնադրումից ի վեր և այն գլխավորում է սկսած 1988 թվականից: Բացի պահապանների խորհրդում նախագահելուց, Ջաննաթին Իրանի նպատակահարմարության խորհրդի, փորձագետների խորհրդի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) կազմի մեջ է: Այաթոլահ Ջաննաթին մեծ ազդեցություն է ունեցել և ունի Իրանի քաղաքականության վրա: Նա հաճախ համարվում է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և զինված ուժերի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված բազմաթիվ անձանց հոգևոր հովանավոր:
Օրինակ, Իրանի պաշտպանության նախկին նախարարի (1997-2005 թթ.), իսկ ներկայումս ԱԱԲԽ-ի նախագահ դերծովակալ Ալի Շամխանիի: Եթե նկատի ունենանք, որ Շամխանին եղել է նաև Խուզիստանի նահանգում ԻՀՊԿ ուժերի հրամանատարը (1981-82 թթ.), ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը (1982-89 թթ.) և, վերջապես, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարը (1984-89 թթ.), ապա հասկանալի կդառնա, որ այաթոլահ Ջաննաթին նաև մի մարդ է, որն անմիջական ազդեցություն ունի բուն ԻՀՊԿ-ում, ինչպես նաև ծայրաստիճան մոտ է գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հետ, քանի որ ամբողջ ԻՀՊԿ-ը գտնվում է այաթոլահ Խամենեիի անմիջական ենթակայության ներքո: Եվ արդեն այս պարագայում զարմանք չի առաջացնում այն հանգամանքը, որ այաթոլահ Ջաննաթիին անվանում են նաև ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար (1981-1997 թթ.), իսկ հիմա նպատակահարմարության խորհրդի անդամ գեներալ մայոր Մոհսեն Ռըզայիի հոգևոր հովանավորը՝ խիստ պահպանողական մի մարդու, որի մասին երբեմն ասում են, թե հենց նա է ղեկավարել ԻՀՊԿ-ի արտասահմանյան գործողությունները:


Երբ Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո մի շարք քրդաբնակ վայրերում զինված ապստամբություններ բռնկվեցին, ապա հենց այաթոլահ Ջաննաթին էր, որ շատ ակտիվ մասնակցություն ունեցավ հաշտության բանակցություններին: Հենց նրա խաղաղարարության շնորհիվ էր, որ Սենենդեջում դադարեց դիմակայությունը, հետո նաև այլ վայրերում մարդիկ վայր դրեցին զենքը և ընդունեցին իսլամական հեղափոխությունը: Այաթոլահ Ջաննաթին հայտնի է նաև տարածաշրջանում քրդական գործոնի վերաբերյալ «առանձնահատուկ» հայտարարություններով: Օրինակ, 1991-92 թթ. նա մի քանի անգամ ասել է, որ Իրանը կարող է աջակցություն ցուցաբերել «եղբայր քրդերին»... Թուրքիայում: Բնական է, որ այն տարիներին նման հռետորաբանությունը հետևանք էր այն բանի, որ ԱՄՆ-ը թուրքական MIT հատուկ ծառայության միջոցով Թուրքիային ակտիվորեն նախապատրաստում էր Իրանի դեմ պատերազմի: Իրանական հակահետախույզների կողմից այդ «հատուկ նախագծի» մերկացումից հետո, 1992 թ. թուրքական MIT-ի միանգամից երկու նախկին աշխատակիցներ խոստովանեցին դա, և զարմանալի լինի, թե ոչ, մի քանի ամիս հետո՝ 1993 թ. ապրիլին, հանկարծամահ եղավ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը, որը, ի դեպ, հրապարակավ խոստովանել էր, որ ինքը ազգությամբ քուրդ է: Օզալը սրտի կաթված ստացավ, ի դեպ, Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո:


Թեև դա ուղղակիորեն չի էլ վերաբերում մեր թեմային, սակայն հետաքրքիր է, որ 1996-ի նոյեմբերին թուրքական լրատվամիջոցները հրապարակեցին մի տեսանյութ, որտեղ «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանը ասել է, որ Օզալին թունավորել են թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ 1993 թ. ապրիլի 15-ին նա քրդերի հետ պայմանավորվել էր զինված հակամարտության կարգավորման շուրջ և մտադիր էր հրապարակայնորեն հայտարարել այդ մասին հենց ապրիլի 17-ին, այսինքն այն օրը, երբ ինքը մեռավ: Նախագահի այրին պահանջել է վերանայել գործը, սակայն նրա դիմումը անհետևանք է մնացել: 2012 թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում ձեռնամուխ եղան Օզալի արտաշիրմմանը՝ նրանում թույն գտնելու նկատառումով: Նոյեմբերի 2-ին հայտարարվեց, որ Թուրգութ Օզալի դիակի հյուսվածքների լաբորատոր հետազոտությունների ընթացքում թուրք բժիշկները հայտնաբերել են հազվագյուտ թունավոր նյութի՝ ստրիխնին-կերատինի հետքեր և հանգել են հետևության, որ Օզալը դրանով է թունավորվել: Ստրիխնինի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: 2012 թ. դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ քաղաքական գործչի աճյունում հայտնաբերվել են միանգամից չորս տեսակի թունավոր նյութեր՝ ամերիցիում, պոլոնիում, կադմիում և միջատասպան ԴԴՏ:


Հիմա մի քանի խոսք Իրանի երկրորդ նշանակալի անհատականության մասին, որի առնչությամբ ևս պնդում են, թե նա «էթնիկ քուրդ» է: Դա Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ նշանակության զորախմբի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին է: Մենք շատ ենք գրել նրա մասին: Գրել ենք նաև Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ տարած հաղթանակում նրա ունեցած դերի մասին: ՈՒստի նրա մասին խոսելիս ամեն ինչ չենք կրկնի: Բայց հիշեցնենք, որ հենց նա է «մեղավոր», որ Իրաքի քրդական ինքնավարության (KRG) նախագահ Մասուդ Բարզանին «անկախության հանրաքվեի» ձախողումից հետո հրաժարական տվեց: Թեհրանում KRG-ի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Նազիմ Դաբագի՝ 2017 թ. հոկտեմբերի 22-ի հայտարարությունից հասկանալի է դառնում, որ իրաքյան բանակի և շիական աշխարհազորի հետ մեկտեղ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Հյուսիսային Իրաք էին մտել նաև «Կոդսի» հատուկջոկատայինները հենց իր՝ գեներալ-մայոր Սոլեյմանիի գլխավորությամբ: Դաբագի ասելով, քրդերի առաջնորդները պատրաստ են անկախության հանրաքվեից հետո ծագած խնդիրները լուծելու բանակցությունների միջոցով, ողջունելով այդ ուղղությամբ գեներալ-մայոր Սոլեյմանիի գործադրած ջանքերը. «Պարոն Սոլեյմանին մի մարդ է, որն ազնիվ է վերաբերվել Իրաքի քրդերին, նա Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացման վերաբերյալ նախազգուշացումներ հրապարակեց մինչև նրա անցկացումը,- ասել է Դաբագը, ըստ Fars News-ի:- Իրանը ձգտում է Քրդստանի տարածաշրջանի և Իրաքի կենտրոնական կառավարության միջև եղած խնդիրը լուծել Իրաքի Սահմանադրության հիման վրա, և մենք այդ առնչությամբ Իրանի ձեռնարկած միջոցները դրական ենք գնահատում»:


Այդ հայտարարությանը համահունչ էին նաև իրաքցի բարձրաստիճան քուրդ օրենսդիր Մասուդ Հայդերի խոսքերը, որը գեներալ-մայոր Սոլեյմանիին գովաբանել էր նրա միջնորդական դերի համար, «որը սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո հանգեցրեց խնդիրների կարգավորմանը»: «Վերջերս, անցկացնելով հանրաքվեն, 9 հոդվածից բաղկացած համաձայնագիր կնքվեց Իրաքի ժողովրդական ուժերի (այսինքն, «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի- խմբ.) գլխավոր հրամանատար Հադի ալ-Ամերիի և Քրդստանի հայրենասիրական միության (YNK) գլխավոր հրամանատար Բաֆել Աթ-Թալաբանիի (Ջալալ Աթ-Թալաբանիի որդու- խմբ.) միջև՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ղեկավարությամբ և «Կոդսի»ի ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի միջնորդությամբ, որի հիման վրա հանրաքվեի արդյունքները անորոշ ժամանակով չեղարկվեցին»,- հաղորդել է Մասուդ Հայդերը:


Այսպիսով, իրենք՝ Իրաքի քրդերը, ճիշտ է, Բարզանիի ու «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) մրցակիցներն են, հրապարակել են այն պատճառները, որոնց շնորհիվ իրականություն չդարձան սեպտեմբերի 25-ի հանրաքվեի քաղաքական հետևանքները: Իրանի «Կոդս» հատուկ ծառայության և անձամբ գեներալ-մայոր Սոլեյմանիի միջնորդությամբ, Բարզանիի ընդդիմախոսները ոչ այն է` համոզել են նրան, ոչ այն է` Բարզանիի կլանին ապացուցել են, որ «սխալ» է տեղի ունեցել: Այլ քուրդ օրենսդիրներ, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, հայտարարել են նաև, որ գեներալ-մայոր Սոլեյմանին YNK-ի՝ Իրաքում քրդական երկու հիմնական քաղաքական կուսակցություններից մեկի և Թեհրանի դաշնակիցների հետ հանդիպում է ունեցել Սուլեյմանիա քաղաքում՝ այն բանից առաջ, երբ Իրաքի վարչապետ ալ-Աբադին իր զորքերին հրամայեց շարժվել դեպի Քիրկուկ:

Reuters-ը հաղորդել է, որ գեներալ-մայոր Սոլեյմանին քուրդ առաջնորդներին ասել է, որ փեշմերգայի ուժերը չեն կարողանա հաղթել ալ-Աբադիի զորքերին, որոնց աջակցում են Արևմուտքն ու տարածաշրջանի տերությունները, այդ թվում՝ Իրանն ու Թուրքիան: «Սուլեյմանիի այցը... պետք է վերջին հնարավորությունը տար, որպեսզի որոշում ընդունող անձինք ճակատագրական սխալ թույլ չտային»,- գրում է Reuters-ը, վկայակոչելով YNK կուսակցության պատգամավորներից մեկին: YNK-ի առաջնորդներից Ալա Աթ-Թալաբանին արաբալեզու «Ալ-Հադաթ» հեռուստաալիքով պատմել է. «Սոլեյմանին մեզ ասաց, որ Քիրկուկը պետք է վերադառնա օրենքի ու սահմանադրության դաշտ, այնպես որ, եկեք գանք ըմբռնման»:

Մնացածը երկրորդական բան է: Մենք տեսնում ենք, որ Իրանի քրդերը, երևի, շատ լավ իրազեկված են այաթոլահ Ջաննաթիի և գեներալ-մայոր Սոլեյմանիի դերի, ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի քրդերի համար նրանց նշանակության մասին: Եվ տեղին է ենթադրել, որ Իրանի հակակառավարական տրամադրություններ ունեցող քրդերը կանխավ մտածել ու հաշվարկել են, որ իրենց «լռությունը» լավագույն վարվելաձևը կլինի: Չէ՞ որ միշտ պատրաստ կլինեն իրենց մոտ գալու Իրանի շատ հեղինակավոր գործիչներ՝ «Էթնիկ քրդեր», որոնց ազդեցությունը բուն Իրանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև քրդերի վրա, բացարձակապես անվիճելի է:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ